Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ կայացել են քաղաքական առաջին խորհրդատվությունները:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել էր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Էմիրությունների պատվիրակությունը` ԱՄԷ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թարեք Ալ Հեյդանը:
Խորհրդատվություններն անցկացվել են երկու փուլով: Առաջին` քաղաքական, տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներ, եւ երկրորդ` երկկողմ առեւտրատնտեսական ու կրթամշակութային համագործակցության հարցեր:
Խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը: Մերձավորարեւելյան հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելուց հետո կարեւորվեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ԱՄԷ փոխարտգործնախարարը համառոտ ներկայացրել է իր երկրի եւ արաբական աշխարհի տեսակետները հարցի կարգավորման վերաբերյալ:
ԱՄԷ ԱԳ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ, իսկ դեկտեմբերի 25-ին ԱՄԷ պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:




























