Կովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային խնդիրներն ու դրանց կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերն են քննարկվել դեկտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱԳՆ-ների միջեւ քաղաքական առաջին խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանի հանդիպմանը:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, թե Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, ինչի մասին են վկայում վերջերս ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները, էմիրաթցի գործարարների աճող հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
ԱՄԷ փոխարտգործնախարար Թարեք Ալ Հեյդանին ընդգծել է, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:




























