Այսօր լրանում է խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժման 30-ամյակը: ՊԱԿ-ի եւ ԳՀՎ-ի հատուկ նշանակության զորքերի կողմից գրավվեց Քաբուլում նախագահ Ամինի պալատը, եւ նույն այդ օրը երկրի ղեկավար հռչակվեց Բաբրակ Քարմալը:

Այդպես Խորհրդային Միության համար սկսվեց 10-ամյա աֆղանական պատերազմը, որի մեջ խրվելն առ այսօր համարում են խորհրդային ղեկավարության ամենախոշոր քաղաքական սխալը:

Շուտով պատերազմը կոշտ բնույթ ստացավ, ազգային բանակի զորքերն ու նրանց աջակցող խորհրդային ուժերը բախվեցին լավ պատրաստված ապստամբների ուժերի հետ: Բացի ԱՄՆ-ից եւ Բրիտանիայից, ապստամբներին զենքով եւ փողով օգնում էին Պակիստանը, Եգիպտոսը, Չինաստանը:

Պատերազմի 6 տարիներից հետո Գլխավոր շտաբի ղեկավար, մարշալ Ախրոմեեւը խոստովանեց, որ աֆղանական ղեկավարությունը նախկինի պես չի կարողանում կարգուկանոն հաստատել երկրում, թեեւ վերահսկողության տակ են Քաբուլն ու նահանգների վարչական կենտրոնները:

1989թ. խորհրդային զորքերի վերջին ստորաբաժանումը անցավ Ամու-Դարյայի կամուրջն ու լքեց երկիրը, ինչն էլ դարձավ պատերազմի ավարտի խորհրդանիշ:

ԽՍՀՄ տեսակետից ներխուժումն արդարացված էր, քանի որ աֆղանցիները սպառնում էին անկայունացնել իրավիճակը Միջին Ասիայում:

Աֆղանական պատերազմի տարիներին սպանվել են ավելի քան 15 հազար խորհրդային զինծառայողներ: