2012թ. 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների հետ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են 575  հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 871 դեպքի դիմաց:

Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության տվյալներով, գրանցվել է նվազում 296 դեպքով կամ 34.0 տոկոսով: Գրանցվել է վարչական իրավախախտումների 142 դեպք` նախորդ տարվա 6 ամիսներին հայտնաբերված 124 դեպքի դիմաց: 

Նշված 575 դեպքերից 271-ը կազմում են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է նվազում 204 դեպքով կամ 42.9 տոկոսով (2011թ. 6 ամիսներին ` 475 դեպք):

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունից, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ից, ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունից ստացված տեղեկությունների համաձայն 2012թ. 6 ամիսների ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել եւ փորձաքննության է ներկայացվել 5 կգ 586 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, 18.8 գր հոգեմետ նյութ, 207.3 միլիլիտր պրեկուրսոր (քացախաթթվի անհիդրիդ, աղաթթու), 2011թ. 6 ամիսներին համապատասխանաբար՝ 13 կգ 42 գրամի, 26.7 գրամի եւ 668.4 միլիլիտր պրեկուրսորի դիմաց: