Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի եւ սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործն արդեն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

«Փաստինֆո» գործակալության փոխանցմամբ, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու եւ իրեն վստահված գույքը հափշտակելու համար: Ընդ որում, ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաեւ ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիքներ:

Վ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` պաշտոնեական դիրքն օգտագործելով զգալի չափերով գույքի յուրացում կատարելու համար (երեք դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար (4 դրվագ), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով` երկու դրվագով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով ռազմամթերքի հափշտակություն կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ապօրինի կերպով ռազմամթերք պահելու, փոխադրելու եւ իրացնելու համար, իսկ մեկ այլ դրվագով էլ կրկին 235-րդ հոդվածի 1-ին մասով, բայց այս անգամ ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք է բերել եւ պահելու համար: