Հին ու բարի ժամանակներում, ինչպես երանությամբ հաճախ հիշում են խորհրդային կարգերի օրոք ապրած գրեթե բոլոր մարդիկ, ջեռուցման վրա իրենք «հաշված կոպեկներ էին ծախսում»։ Կենտրոնացված ջեռուցման համար նրանք վճարում էին ճիշտ այնքան, որքան նույն այդ տարիներին կվճարեին, օրինակ՝ մեկ-երկու կիլոգրամ միս գնելու համար։

Այսօր պատկերն այլ է. հին ու բարի ժամանակները վաղուց պատմության գիրկն են անցել, իսկ կենտրոնացված ջեռուցման մասին էլ մարդիկ հիշում են ափսոսանքով։ Ճիշտ է, այժմ կենտրոնացված ջեռուցման կաթսայատներ գործում են մայրաքաղաքի մի քանի համայնքներում, ինչպես օրինակ Ավանում եւ Արաբկիրում, սակայն այդ ճանապարհով իրենց տները տաքացնող մարդիկ, որպես կանոն, գոհ չեն ջեռուցման որակից եւ մեծամասամբ հրաժարվում են այդ տարբերակով իրենց բնակարանները տաքացնելու մտքից։ Այդ դեպքում, որպես այլընտրանք, ազգաբնակչությանը մնում է իրենց բնակարանները ջեռուցել կա՛մ էլեկտրաէներգիայի կա՛մ գազի օգնությամբ։

Ինչեւէ, եթե մեկ-երկու տարի առաջ հասարակության մեջ տարածված կարծիք կար, որ ձմռանը բնակարանները գազով տաքացնելն ավելի էժան է եւ ձեռնտու, քան դա կարվեր, ասենք, էլեկտրաէներգիայի օգնությամբ, ապա այժմ, գոնե երեւանցիները, այդպես չեն մտածում։

Օրերս NEWS.am-ի թղթակիցը փոքրիկ հարցում է անցկացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ մարդիկ, ովքեր իրենց բնակարաններում գազ ունեն եւ ձմռանն իրենց տները տաքացնում են անհատական ջեռուցման համակարգերի միջոցով, դրա համար վճարում են մոտավորապես այնքան, որքան վճարում են այն մարդիկ, ովքեր իրենց բնակարաններում գազ չունեն եւ ստիպված են տաքանալ էլեկտրաէներգիայով։ Հետաքրքրական է, որ եւ առաջինները եւ երկրորդները իրենց տները այս կամ այն չափով ջեռուցելու համար ամսվա վերջում վճարում են միջինը 25 հազար դրամ։ Հետեւապես այն կարծիքը, թե գազասպառողներն ավելի «էժան են պրծնում» եւ ավելի քիչ են վճարում բնակարանների ջեռուցման համար, խաբուսիկ է։ Միակ տարբերությունը երկուսի միջեւ, թերեւս, այն է, որ եթե անհատական ջեռուցման համակարգը թույլ է տալիս հավասարապես տաքացնել տան բոլոր անկյունները, ապա էլեկտրական մեկ-երկու սալիկներով նման արդյունք, գործնականում, անհնար է ապահովել։ Փաստը, սակայն, մնում է փաստ, որ թե՛ առաջինները, թե՛ երկրորդները վճարում են գրեթե նույն չափով։

Բայց, ամեն ինչ, ինչպես ասում են, այլ կերպ կլիներ, եթե պետությունն առավել հետեւողական քաղաքականություն ցուցաբերեր այս հարցում եւ, ինչպես հին ու բարի ժամանակներում, կենտրոնացված ջեռուցման կաթսայատների միջոցով հոգար ազգաբնակչության ջեռուցման խնդիրը, ինչպես դա արվում է, օրինակ, Ռուսաստանում կամ ԱՊՀ մի շարք երկրներում։ Համեմատության համար նշենք միայն, որ Ռուսաստանում կենտրոնացված ջեռուցման համակարգով բնակարանների 1ք/մ-ը ջեռուցելու համար մարդիկ վճարում են միջինը 5-7 ռուբլի։