Վրաստանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունն այսօր անիրական է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Նա հիշեցրել է, որ դեռեւս 1990-ական թվականներին այդ հարցը ներառված էր օրակարգում, բայց այդպես էլ լուծում չի ստացել, իսկ այսօր այդ մասին խոսելն անիմաստ է:
«Խոսքով ծրագիրը լավն է, տնտեսական առումով ձեռնտու բոլոր երեք երկրներին` Հայաստանի, Վրաստանին, Ռուսաստանին, բայց երբ գործը հասնում է պրակտիկ մասին, առաջ է գալիս հարցերի մի ողջ շարք, ասենք որ տարածքով է անցնելու այդ երկաթգիծը, ով պետք է սպասարկի այն, ինչպես են լուծվելու ֆինանսական հարցերը եւ այսպես շարունակ»,-նշել է Աբաշիձեն:
Բացի այդ, այդ նախագծի պոտենցիալ կողմերն այսօր այդ առումով բացարձակ տարբեր մոտեցումներ ունեն: «Ռուսաստանն այս խնդրին նայում է իր տեսանկյունից եւ համարում, որ Աբխազիան, որի տարածքով պետք է անցնի երկաթգիծը, անկախ երկիր է:
Աբխազները նույնպես այդ կարծիքին են: Վրաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ բոլոր մյուս երկրները, բացի Ռուսաստանից, կարծում են, որ այդ տարածքն օկուպացված է: Ինչի՞ մասին այստեղ կարող է խոսք լինել»,-հռետորական հարց է հնչեցրել Աբաշիձեն:
Վրացի քաղաքագետի կարծիքով, Հայաստան-Ռուսաստան երկաթգծի շինարարության հարցում առաջընթաց հնարավոր է միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում Մոսկվայի եւ Թբիլիսիի մոտեցումների մերձեցման դեպքում:
«Կրկնեմ, որ այսօր այդ մասին խոսելն իսկ անիմաստ է»,-ամփոփել է նա:
Նշենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում լուրեր են տարածվում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ակտիվացրել են ճնշումը Վրաստանի նկատմամբ, որպեսզի ստիպեն համաձայնել այդ երկաթգծի շինարարության հարցում: Նշվում է, որ մասնավորապես, դրանով է պայմանավորված Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցելությունը Հայաստան:



























