Դեկտեմբերի 25-ին հնարավոր ահաբեկչության փորձ է տեղի ունեցել ամերիկյան Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Այն բանից հետո, երբ Airbus А-330 ինքնաթիռը չվերթ է կատարել Ամստերդամից Դեթրոյթ եւ պետք է վայրէջք կատարեր ամերիկյան օդանավակայանում, ուղեւորներից մեկն ինքնաթիռի սրահում ինչ-որ պայթուցիկ է այրել:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներից մեկն ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը սկսել է վայրեջք կատարել եւ տղամարդը այրել է իր ձեռքին գտնվող փոշին ու հեղուկը, սակայն մյուս ուղեւորները վնասազերծել են նրան: Ավելի ուշ պարզվել է, որ չարագործը 23-ամյա նիգերիացի Աբդուլ Մուդալլադն է: Դեպքի ժամանակ մի քանի ուղեւորներ, այդ թվում նաեւ նիգերիացին, ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:

Դեպքի կապակցությամբ Սպիտակ Տունը հաղորդագրություն է տարածել: ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, հարցաքննության ժամանակ հանցագործը խոստովանել է, որ գործել է «Ալ Քայդա» ահաբեկչական խմբավորման հրահանգով, իսկ պայթուցիկ սարքը նա ստացել է Եմենում:

Բրիտանական Sky News հեռուստաալիքի տվյալներով, ինքնաթիռում եղել են 278 ուղեւոր: Գործը գտնվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննության ներքո: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն հրահանգել է ուժեղացրել ավիացիոն փոխադրումների անվտանգության վերահսկողությունը: