Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը պայմանավորվել են համագործակցել 2010 թվականի հունվարի 17-ին կայանալի նախագահական ընտրություններից հետո: Այս մասին, ըստ «ՌԲԿ» գործակալության, մամուլի ասուլիսում հայտնել է նախագահի աշխատակազմի քարտուղարության ներքաղաքական եւ տարածաշրջանային զարգացման հարցերով ծառայության ղեկավարի տեղակալ Յարոսլավ Կոզաչոկը: Նախկին պաշտոնյան լրագրողներին է բաժանել համաձայնագրի տեքստը, որն իբր ստորագրել են նշված երկու գործիչները:
Այդ փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են ձեռնպահ մնալ փոխադարձ քննադատությունից եւ օգտագործել բոլոր հնարավորությունները ընտրությունների երկրորդ փուլում Յանուկովիչին աջակցելու համար:
Միաժամանակ վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի Վիկտոր Յուշչենկոն, որի օգտին պետք է քվեարկի խորհրարանի մեծամասնությունը:
Բացի այդ, Յուշչենկոյին աջակցող քաղաքական ուժերը չպետք է բարձրացնեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ Ուկրաինայի ապստամբական բանակի զինվորներին հավասարեցնելու մասին հարցը: Դրա դիմաց, Տարածաշրջանների կուսակցությունը պետք է հրաժարվի ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարներից:
Կոզաչոկը հայտարարել է, որ որպես բողոքի նշան, ինքը հրաժարականի դիմում է գրել, որն ընդունվել է:




























