«Հարսնաքարի» գործով հարցաշարը պատրաստ է եւ այն ուղարկվել է նախաձեռնության անդամ 4 խմբակցություններին: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը:

Նրա փոխանցմամբ` ձեւավորված աշխատանքային խմբում ամեն մի խմբակցությունից ընդգրկվել էր մեկական ներկայացուցիչ` Գագիկ Ջհանգիրյան (ՀԱԿ), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյան («Ժառանգություն») եւ Ստեփան Մարգարյան (ԲՀԿ): Հարցաշարի աշխատանքային տարբերակը պատրաստ է, սակայն հարցաշարի բովանդակությունը եւ էությունը պետք է համաձայնեցվի խմբակցությունների կողմից, եւ նրանք պետք է հայտնեն իրենց վերջնական դիրքորոշումը: Արծվիկ Մինասյանի խոսքով` երկուշաբթի հավանաբար կունենան հարցաշարի վերջնական տարբերակը, որը կուղարկեն համապատասխան մարմիններին: Պատկան մարմիններին ուղարկելուց հետո հարցաշարը կհրապարակվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ժառանգության»  խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցություններում որոշել են այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին  հրավիրել Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»: Անհրաժեշտ 44 ստորագրությունից հավաքվել էր ընդամնեը 21-ը:  Դրանից հետո հաջորդ քյալը եղավ նշված հարցաշարի նախաձեռնությունը: