Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում, հուլիսի 23-ին գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում տղաների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը աղջկա պատճառով է եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «That place» ակումբի սեփականատեր Պողոս Թութունջյանը:
Նրա խոսքով, ինքը միջադեպին ականատես չի եղել, քանի որ դրսում է եղել, իսկ միջադեպին մասնակից տղաներն իրենց մշտական հաճախորդներն են:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, թե միջադեպն աղջկա պատճառով է տեղի ունեցել, նա պատասխանեց. «Այդպես ասում են: Այդպես ասել է Լեւոնը: Կարծես, թե այդպես է, քանի որ ես անձամբ չեմ տեսել, թե ինչպես է սկսել եւ ինչ զարգացումներ են տեղի ունեցել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Լեւոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սերգեյ Ղ-ի տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք նաեւ, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:




























