Սնկերից թունավորման հետեւանքով «Վանաձորի բժշկական կենտրոն» է  տեղափոխվել 6 հիվանդ: Այս մասին ահազանագը Առողջապահության նախարարությունն ստացել է հուլիսի 23-ին:

Ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից հավաքված սնկերի օգտագործումը սննդում: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնության արդյունքում, բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է:

Լոռիի մարզում սնկերից առաջացած թունավորումների դեպքերը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է զանգվածային լրատվամիջոցներով  քարոզչական աշխատանք բնակչության շրջանում:

Սնկերի թունավորումից խուսափելու  նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել չստուգված սնկեր, սունկը գնել միայն շուկայից եւ խանութից` համապատասխան  իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, թունավորման ախտանշաններ ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:

Իսկ սնկերից թունավորման նախնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն: