Հովտուն գյուղում ծագած խնդիրի պատճառը եղել է Բերդաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Ֆրունզիկ Ա.-ի կողմից կնոջը եւ 4 երեխաներին տեսնելու ցանկությունը, քանի որ կինը հերթական անգամ հեռացել էր հայրական տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Համբարձում  Ախցխեցյանը: «Մեր համայնքի բնակիչները գնացել են երեխաներին տեսնելու: Նրանք պաշտոնապես ամուսնալուծված էլ չեն, բայց աղջիկը գնացել է հայրական տուն` 4 երեխաների հետ: Մայրը երեխաներին հավաքել տարել է եւ ամուսինը գնացել է երեխաներին տեսնելու, բայց  ընտանիքով գյուղով հարձակվել են տղաների վրա»,- մանրամասնեց գյուղապետը:

Նա նաեւ ասաց, որ Ֆրոնզիկի կինը գնացել է ամուսնու տուն, սակայն որոշ ժամանակ անց որոշել է վերադառնալ հայրական տուն:

«Մեր գյուղի տղաները  հետախուզման մեջ չեն, շատ համեստ տղաներ են եւ ընտանիքը պահելու համար զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ»,- ավելացրեց Համբարձում Ախցխեցյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները պարզել են, որ Բերդաշեն գյուղի բնակիչներ 31-ամյա Ֆրունզիկ Ա.-ն, 32-ամյա Սամվել Հ.-ն և 29-ամյա Ռաֆիկ Հ.-ն հուլիսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում Հովտուն գյուղում շուրջ 20 րոպե վիճաբանել են 57-ամյա Սամվել Գ.-ի հետ եւ հայհոյել նրան, իսկ երբ գյուղապետարանի աշխատակիցը` 36-ամյա Շիրազ Շ.-ն, փորձել է կարգի հրավիրել նրանց, Ռաֆիկ Հ.-ն սուր կտրող-ծակող գործիքով խփել է նրա ձեռքին և պատճառել վնասվածք: Շիրազ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: