Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող «Արայ» ընկերության ինքնասպանություն գործած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի կնոջը` Տատյանա Չադենկովային ծնողական իրավունքներից զրկելու մասին գործի վարույթը կասեցվել է, քանի որ Տ. Չադենկովան մեկ այլ քրեական գործով գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
«Պատասխանողը հետախուզման մեջ է` այստեղ չէ, հետեւաբար հայցվորի միջնորդությամբ գործը կասեցվել է»,- արձագանքեց Արսեն Բաբյանը:
Հարկ է նկատել, որ գործի վարույթը կասեցվել է ՀՀ քաղաքացիական դատական օրենսգրքի 105 1-րդ եւ 144-րդ հոդվածներով: Հոդված 105-ի 1-րդ մասով դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`անհնարին է տվյալ գործի քննությունը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը: Հարկ է նկատել, որ սույն գործով հայցադիմումը ստացվել է Կարինե Սուքիասյանից, ով «Արայ» ընկերության սեփականատիրոջ մայրն է, իսկ պատասխանող կողմը Տատյանա Չադենկովան է:
Ավելի վաղ հուլիսի 6-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Տատյանա Չադենկովան ասել էր. «Իմ երեխան նրա հետ է, իհարկե, ես հետաքրքրվում եմ այդ գործով: Ես իմ երեխայով եմ ապրում, 24 ժամ այդ մասին եմ մտածում: Ուզում եմ իմանալ, որտեղ են գտնվում»: Վերջինս նաեւ հավելել էր, որ Արմեն Պետրոսյանի գործով նորություններ չունի: Սակայն 3 օր շարունակ մեզ չի հաջողվում կապ հաստատել Տատյանա Չադենկովայի հետ: Տեղեկացրել էինք նաեւ, որ միջազգային հետախուզման մեջ էր նաեւ Կարինե Սուքիասյանը, որին հուլիսի 11-ին, Բագրատաշենի անցակետից` թոռնուհու հետ բերման է ենթարկվել եւ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել:Կարինե Սուքասյանի ու երեխայի անհետանալուց հետո Տատյանա Չադենկովան դիմել էր ոստիկանություն: Միջազգային հետախուզում էր հայտարարվել եւ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով:
Հիշեցնենք նաեւ, որ «Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի գործը հայտնի տեսանյութի ի հայտ գալուց հետո, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, նրա մոր պահանջով, Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչություն, սակայն մինչ օրս որեւէ լուրջ առաջընթաց չկա: NEWS.am-ի հարցմանը, թե շարունակո՞ւմ է հիմնական համարվել ինքնասպանության վարկածը, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցել էին, որ նախաքննությունը շարունակվում է եւ ոչինչ ավելին ասել չեն կարող:Իսկ ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով:
Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:
Հ.Գ Տատյանա Չադենկովան եւ նրա փաստաբան Վահան Հայրապետյանն ավելի ուշ կապ հաստատեցին մեզ հետ եւ փոխանցեցին, որ Տատյանան հետախուզման մեջ չէ: Ավելին 3 շաբաթ է, ինչ Հայաստանում է: Սակայն, թե ինչ գործով Չադենկովան նշեց, որ չի ցանկանում պատասխանել:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


























