Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների եւ Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավորված է համարել այն, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները եւ Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել եւ ծեծի են ենթարկել Վ. Մուխսիխչոյանին:

Այդ դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները եւ Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ եւ վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի`  2012թ. փետրվարի 23-ի դատավճռով Արամ Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Արթուր Մարտիրոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել էր ազատազրկման 12 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հուլիսի 20-ին որոշում է կայացրել`  պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժելու մասին` ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի  դատավճիռը:

Նշենք, որ Մարտիրոսյան եղբայրները հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի ազգականներն են: