Հուլիսի 27-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ծառայողների հետ համատեղ՝ Արմավիր-Էջմիածին ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, կանգնեցրել են 43-ամյա Դանիել Հ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեքենայի ռետինե ոտնակների վրայից հայտնաբերել են փայլաթիթեղի 2 փաթեթներ` լցված 5,1 գ ընդհանուր կշռով կանաչ գույնի, մանրացված, թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Ըստ Դանիել Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է ավտոմեքենայի ուղեւոր, 42-ամյա Համբարձում Մ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


























