«Ե՛վ ինձ համար, ե՛ւ բյուջեի համար, ե՛ւ երկրի ու հասարակության համար շատ ու շատ ֆինանսական ռեսուրսներ եմ ցանկանում»,- դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ ակնկալիք ունի Ձմեռ պապից 2010 թվականին:
«Իհարկե, դա կյանքում ամենակարեւորը չէ, բայց անհրաժեշտ նախապայման է, որ մենք մեր կյանքի այլ խնդիրները կարողանանք ավելի վստահությամբ լուծել: Բայց հաջորդ տարվա վերաբերյալ ինձ համար ամենակարեւոր ցանկությունը կլինի այն, որ լինի կայունության տարի»,- նշեց նախարարն ու հավելեց. «Տնտեսության, հասարակության, երկրի համար, քաղաքացու, ընտանիքի համար ամենակարեւորը կայունությունն է, որովհետեւ եթե մենք ունենք կայուն վիճակ, մենք կարող ենք մեր կյանքը ծրագրավորել, կարող ենք աշխատել ու զարգանալ: Կարծում եմ, որ 2010 թվականը կլինի կայունության ու զարգացման տարի: Կայունությունը հիմք է զարգացման համար եւ հաջորդ տարի այդ զարգացումը մենք կունենանք»:



























