NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Սեւանա լճում «հանրային լողափի» մոտ տղամարդու դիակ հայտնաբերվելու կապակցությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ հայտնաբերվել էր 41-ամյա Արթուր Արտյոմի Չիլինգարյանի դիակը:

Արթուր Չիլինգարյանը Երեւանից էր: Նախնական զննությամբ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Սամվել Մկրտչյանը հակված է մտածել, որ տղամարդը մահացել է ինֆարկտից կամ ինսուլտից: Նա այդ կարծիքին է, քանի որ Արթուր Չիլինգարյանի դիակը գտնվել է ջրի երեսին, մինչդեռ, նրա խոսքով, եթե նա ջրում խեղդված լիներ, մարմինը կիջներ ներքեւ, ոչ թե կմնար ջրի երեսին: Մահվան ելքով դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնտեղ, որտեղ հայտնաբերվել է դիակը, այլ դրանից 50 մետր այն կողմ, պարզապես քամին տղամարդու դիակը քշել բերել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Սեւանա լճում, «հանրային լողափի» մոտ տղամարդու դի է նկատվել: Այդ մասին ահազանգ է ստացվել հուլիսի 29-ին, ժամը 11.30-ին: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի  հերթապահ խումբը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել մոտ 35 տարեկան անձը չպարզված տղամարդու դի: