Վերջերս  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեում, որը վերահսկում է Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի ի կատար ածումը պայմանագրի կողմ հանդիսացող պետություններում,  քննարկումներ էին տեղի ունեցել Հայաստանի կողմից դաշնագրի դրույթների իրականացման շուրջ(քննարկումների մասին ՄԱԿ-ի հաղորդագրությունը՝ այստեղ):

Ընթացքում Հայաստանի կողմից ներկայացվել էր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ոլորտներում իր պարտականությունների կատարման մասին զեկույցը, ինչպես նաեւ մեր երկրի ներկայացուցիչները պատասխանել էին կոմիտեի փորձագետների հարցերին: Քննարկումների ընթացքում հայկական պատվիրակությունը նաեւ հատուկ բարձրացրել էր  թե ՄԱԿ-ի կանոնադրության եւ թե Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների դաշնագրի կողմից ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի՝ Ադրբեջանի կողմից մերժման հարցը:

Այս ամենի արդյունքում անցած շաբաթ Մարդու իրավունքների կոմիտեն իր զեկույցն է հրապարակել,  որտեղ ողջունվում են Հայաստանի կողմից մի շարք մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործիքների վավերացումը, ինչպես նաեւ արձանագրվում առկա բացթողումները եւ խորհուրդներ տրվում դրանց շտկման ուղղությամբ: Բնականաբար, որեւէ պետություն չի կարող գլուխ գովալ մարդու իրավունքների պաշտպանության իդեալական վիճակով, եւ միշտ էլ ինչ-որ խնդիրներ լինում են: Կարեւորը, այս պարագայում, դրական դինամիկան է: Ըստ էության Հայաստանի զեկույցը որեւէ լուրջ խախտումներ չի արձանագրում, եւ նման էր քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների առումով բավականին բարվոք վիճակ ապահովված ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների զեկույցներին:

Սակայն այս կարծիքին չեն Ադրբեջանում որտեղ, չգիտես ինչու, բավականին ոգեւորվել էին Մարդու իրավունքների կոմիտեի այս զեկույցից: Կոնտեքստից կտրված նախադասություններ արտագրելով՝ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ իրենց հոդվածներում բավականին մի տխուր պատկեր են նկարագրում: Բացի այդ, մեջբերում են Վրաստանում գրանցված մի անհայտ ՀԿ-ի ներկայացուցչի(որը որեւէ կապ չունի Մարդու իրավունքների կոմիտեի հետ եւ չի արտահայտում դրա կարծիքը) խոսքեր, ով ճգնաժամային է գնահատում մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Սույն ՀԿ-ի ներկայացրած զեկույցը զննելով, որը լի է բացահայտ հակահայկական եւ բացահայտ կեղծ տեղեկատվությամբ, կասկած չի մնում, որ դա ադրբեջանցիների կողմից ֆինանսավորվող հերթական «անկախ» կազմակերպություններից է: Այսպիսով, մեր հարեւանները եկել են այն եզրակացության, որ Հայաստանում իրավիճակը քննարկելուց հետո Մարդու իրավունքների կոմիտեն «պարզապես շոկի մեջ էր»: Իրոք, Մարդու իրավունքների կոմիտեն կարող էր շոկի մեջ լինել, սակայն ոչ թե Հայաստանի, այլ փոքր-ինչ դեպի արեւելք ընկած պետության առումով:

Իրականում, Մարդու իրավունքների կոմիտեի եւ մարդու իրավունքների պաշտպանության այլ պայմանագրերի իրականացումը վերահսկող մարմինների Ադրբեջանին վերաբերող համանման հրապարակային զեկույցները, որոնք ուղղակի որեւէ կերպ համեմատելի չեն Հայաստանի զեկույցի հետ, արձանագրում են մարդու իրավունքների այն սարսափելի ու անմխիթար վիճակը, որը տիրում է այս կիսասուլթանական պետությունում: Այս առումով նշենք նաեւ, որ ՄԱԿ-ի ներքո կնքված մի այլ պայմանագրի՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի ի կատար ածումը վերահսկող Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների կոմիտեի կայքում, Ադրբեջանին վերաբերող զեկույցների հատվածում, տեղադրված է նաեւ  «Շվեյցարիա Հայաստան Ընկերակցություն» կազմակերպության զեկույցը Ջուղայի խաչքարերի ոչնչացման եւ ընդհանրապես Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին(զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ):