Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման է դրվել հեռուստաեթերի  հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին հեռուստաընկերությունների ղեկավարները: Հանրային խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են  Հանրային, «Շանթ», «Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երեւան» եւ «Դար 21» հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրել է վերջին մեկ ամսվա ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են արտահայտել՝ ընդհանուր առմամբ  ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:

Բարձրացվել են հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության եւ գովազդի ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են հավասար մրցակցային դաշտ ունենալու հարցը: Ընդգծվել են Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջեւ ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները, կարեւորվել է Հանրային հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվել է նաեւ կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային, այլեւ մասնավոր հեռուստաընկերությունների վրա:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն առաջարկեց Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային խորհրդի միջեւ ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային բարեփոխումներ իրականացնելու գործով:

Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց արդյունքները Հանրային խորհրդում անցկացված եւ անցկացվելիք հանրային այլ քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության նախագահին: