«Երկրները` մեկ հարկի տակ».  այս անվանումն է կրելու փառատոնը, որը կտեւի չորս օր` սեպտեմբերի 26-29-ը եւ անցկացվելու է Օղակաձեւ այգում: Սեպտեմբերի 29-ին կայանալու է փակման արարողություն եւ կլոր սեղան: Փառատոնին  կարող են մասնակցել ինչպես տեղի արտադրող եւ ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները եւ դեսպանատները: Փառատոնն իր բնույթով լինելու է էթնիկ եւ առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում:

Նմանատիպ փառատոն երբեւէ  չի անցկացվել Հայաստանում: Փառատոնն ունի նաեւ ճանաչողական բնույթ. կնպաստի  տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին եւ դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, կծանոթանան  հայկական ավանդույթներին, մշակույթին եւ խոհանոցին եւ ոչ միայն: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն է` միջազգային  ընկերություններին ներկայանալու, ինչպես նաեւ հայաստանյան եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ գործարար կապեր հաստատելու եւ համագործակցելու համար:

Լինելու է նաեւ ցուցահանդես-վաճառք, որը ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց արտադրանքը եւ վաճառելու այն: