Գենետիկ մոդիֆիկացված մթերքի եւ սերմերի ներկրման օրենք մինչեւ օրս Հայաստանում չկա, ինչը վտանգավոր է, եւ վտանգներից մեկն այն է, որ այն կարող է մրցունակությունից զրկել Հայաստանի գյուղատնտեսությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի պետական ագրարային համալսարանի բուսաբուծության եւ բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրեաս Մելիքյանը՝ ավելացնելով, որ ոչ ոք պարզապես չի կարող հերքել կամ հաստատել, որ ներկրվող մթերքն ու սերմը գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկվա՞ծ է, թե՝ ոչ։ «Սերմի ներկրման գործընթացը այնքան պարզեցված է, որ ցանկացած քաղաքացի, ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է ցանկացած քանակությամբ սերմ ներկրել եւ իրացնել Հայաստանի շուկայում»-ասաց նա՝ նկատելով, որ հաշվի առնելով հանգամանքը, որ հետագայում այդ ներկրված սերմով է բերք ստացվելու, եւ բնակչությունը հենց նույն մթերքով է սնվելու, այդ օրենքը չափազանց ազատ է։ «Համակարգ չկա, որպեսզի պատասխանի այն հարցին, թե ներկրված սերմը ի՞նչ սեսակի է։ Սերմի ներկրման օրենքը թույլ տալիս է առանց ստուգման դրանք ներկրելում»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա՝ Հայաստանում առկա է նաեւ սերմնաբուծության զարգացման խնդիրը։ Մելիքյանը նշեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում լավ զարգացած էր սերմնաբուծության համակարգը եւ այն լաբորատորիաներից մինչեւ կոլտնտեսություններ մեկ ամբողջական շղթա էր կազմում։ «Այս հարցը բազմիցս բարձրացվել է։ Սերմնաբուծությունը պետք է ընթանա մի քանի փուլով։ Նախ այն պետք է կատարվի լաբորատոր պայմաններում, գիտնականների հսկողության տակ։ Ստացված էլիտային սերմերը անցնում են առաջին եւ երկրորդ վերարտադրություն, որը կարող է իրականացվել ֆերմերի կողմից։ Երրորդ եւ մյուս վերարտադրությունները արդեն գնում է գյուղացուն, որպես սերմ։ Այս համակարգն էր գործում ԽՍՀմ տարիներին, որն անկախությունից հետո վերացել է, չի գործում։ Այսինքն՝ չկա այդ շղթան, որ մեկը մյուսին պետք է մատակարարի»-ասաց Մելիքյանը։

Ըստ նրա՝ սա զուտ կազմակերպչական ու ֆինանսական խնդիր է։ «Եթե կառավարությունը ֆինանսավորի եւ ստեղծվեն տարածաշրջանային սերմնաբուծական կայաններ՝ ըստ տարածաշրջանների, եւ գործարկվի վերոնշյալ շղթան, ապա մենք սերմեր ներմուծելու կարիք ընդհանրապես չենք ունենա»,- նշեց փորձագետը։

Հարցին, թե նման սերմնաբուծարանների ստեղծումը՝ մե՞ծ գումարների հետ կապված խնդիր է, Մելիքյանը պատասխանեց. «Ես որպես մասնագետ, կարծում եմ, որ եթե  մենք համեմատենք, թե որքան գումար ենք տալիս դրսից սերմ ներմուծելու համար, ապա կհամոզվենք, որ տեղական սերմնաբուծությունը շատ ավելի ձեռնտու է, ավելի էժան կլինի, եւ, որ ամենակարեւորն է, կախվածություն չի առաջացնի դրսի տարբեր ներկրողներից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախորդ տարի, երբ Ռուսաստանը արգելել էր ցորենի արտահանումը՝ ծանր կացություն էր ստեղծվել Հայաստանում։

«Այս դեպքերից կապահովագրվենք»,- ընդգծեց նա։

Մելիքյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պետական ագրարային համալսարանը մշակել է սերմնաբուծության հայեցակարգ, որտեղ նկարագրված են բոլոր փուլերը։ «Ներկայացված է Կառավարությանն ու Գյուղատնտեսության նախարարությանը։ Այս բոլոր հաշվարկները կան, համակարգը նկարագրված է։ Պարզապես պետության կողմից որոշակի ներդրում եւ կազմակերպչական մոտեցում է անհրաժեշտ»,-եզրափակեց նա։