Քիչ առաջ մեզ հայտնի է դարձել մի զավեշտալի դեպք: Հրազդանի բնակիչ, 37-ամյա Աշոտ Իսախանյանը պատրաստել է Պաշտպանության նախարարության կեղծ վկայականներ, որոնք «վկայում» են իր գեներալ լինելու մասին, ապա այցելել Աբովյան փողոցի սրճարաններ ու «Նոյան Տապան» գրախանութ, ներկայացել է որպես գեներալ ու տնօրեններից զինծառայողներին օգնության ֆոնդի համար գումար կորզել` մի քանի տասնյակ հազար դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ երեկ «զինվորականը» բերման է ենթարկվել: Գործողությունն իրականացրել են Ոստիկանության կենտրոնի բաժնի եւ Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ի դեպ, Աշոտ Իսախանյանը նախկինում յոթ անգամ դատապարտված է եղել: