Նախորդ տարի Շիրակի մարզի ողջ տարածքում գրանցվել է ջրահեղձման 5  դեպք, որից միայն 3-ը` Վահրամաբերդի ձոր կոչվող տարածքում: NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության պետ, գնդապետ Մանվել Սարիբեկյանը հպարտությամբ նշեց, որ  շնորհիվ իրենց կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքների, այս տարվա վեց ամիսներին բարեբախտաբար նման դեպքեր չեն արձանագրվել:

«Մենք ժողովրդի շրջանում բացատրական աշխատանքներ ենք տարել, ու կարծես թե բարձրացել է մարդկանց գիտակցությունն ու զգուշավորությունը, ու իրենք հասկացել են, որ ջրամբարներում լողալը խստիվ արգելվում է»,- ասաց նա, հավելելով, որ չնայած նախորդ տարիներին եւս համապատասխան մարմինները փորձջում էին հանգստացողներին հեռու պահել լողալուց, սակայն գտնվում էին մարդիկ, ովքեր անտեսում էին ու մտնում ջուրը:

«Հիմա մենք ջրամբարների ողջ տարածքը փշալարերով ենք պատել, վերահսկողությունը էլ ավելի է ուժեղացվել….»,- նշեց Մանվել Սարիբեկյանը` բնակչությանը եւս մեկ անգամ կոչ անելով պատահական ջրամբարներում չլողալ, լողալու դեպքում էլ պահպանել խիստ զգուշավորություն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի