Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին տեղի է ունեցել համակարգող խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Նիստում քննարկվել են համակարգող խմբի անդամների բարձրացրած հարցերը, եղել ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Նշվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել եւ իրականացվում են հետեւողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը:

Ամփոփելով նիստը` համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը վերստին ընդգծել է ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու` ոստիկանության առջեւ դրված խնդրի կարեւորությունը եւ հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես եւ բուն ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները: