Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ Երեւանի ավագանու որոշմամբ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 80 հացեում բացվել է հայ մեծանուն բանաստեղծ, ակադեմիկոս, Արաբկիրի հիմնադիրներից մեկի` Վահագն Դավթյանի հուշատախտակը: 1932 թվականին, հայրենադարձվելով, բանաստեղծը Երեւանում ապրել է Արաբկիր թաղամասում, իսկ 1952-1996 թվականներին Վահագն Դավթյանն ապրել ու ստեղծագործել է հենց այն տանը, որի պատին էլ տեղադրվել է այդ մասին իրազեկող հուշատախտակը: հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երեւանի ավագանու անդամներ, ինչպես նաեւ մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գրողների եւ մտավորականների անունից շնորհավորել ու շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` ընդգծելով, որ ներկայում քաղաքապետի կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը կարեւոր է սերունդների դաստիրակության եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:
Ներկաները այցելել են նաեւ Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգի եւ ծաղիկներ դրել բանաստեղծի արձանին:




























