Օգոստոսի 15-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեծ բարերար Հրայր Հովնանյանի եւ նրա տիկնոջ՝ Աննայի ուղեկցությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ սփյուռքի նախարարը հավաքի մասնակիցներին շնորհավորեց «Բազեի» 10-ամյակի առթիվ։ ««Բազեն» մեր անկախ հանրապետության կես տարիքին է, եւ տա Աստված, որ այս ծրագիրն այնքան հզորանա, որ միշտ քայլի Հայաստանի Հանրապետության հետ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը։ Նա երիտասարդներին հորդորեց լինել մրցունակ. «21-րդ դարում հայ երիտասարդը պետք է լինի մրցունակ։ Բոլոր ոլորտներում նա ցանկացած երկրի իր հասակակիցների հետ պետք է կարողանա մրցել եւ հաղթող դուրս գալ։ Դրա համար անհրաժեշտ է լավ սովորել ու գիտելիք կուտակել։ Այսօր չարչարվելով՝ առաջիկա 40 տարին դուք ապահովում եք։ Բանիմաց, խելացի մարդու առջեւ բոլոր դռները բացվում են։ 21-րդ դարը գաղափարի, նորարարության, բարձր տեխնոլոգիաների դար է։ Մենք ուզում ենք, որ հայ երիտասարդը լինի նորարար։ Դրա համար սովորել է պատք ամեն օր ու ամեն րոպե»։
Օգոստոսի 15-ի երեկոյան «Բազե» հավաքի մասնակիցները հանդիպում ունեցան նաեւ բազեականների հին սերնդի ներկայացուցիչների հետ: Ցուցադրվեց «Բազեի» 10-ամյա տարեգրությունը ներկայացնող ֆիլմ, որին հաջորդեցին քննարկումներն ու հարցուպատասխանը։




























