«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով իր դեմ հարուցված քրգործին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես նշել էի, ՀՀ/ԼՂՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որտեղ ինձ ներգրավել են որպես մեղադրյալ` խափանման միջոց կիրառելով ստորագրությամբ չհեռանալը: Նայելով ամբողջ գործը՝ մնում է միայն մեկ եզրակացություն անել. նախաքննական մարմինը եւ ոստիկանությունը եղել են կողմնակալ եւ պատվեր են կատարել: Մասնավորապես, հուլիսի երեսունին ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպից հետո ես զանգել եմ ոստիկանություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին, ինչը չի արձանագրվել: Ոստիկանությունը պատճառաբանել է, որ հեռախոսազանգը չի արձանագրվել, քանզի մինչ այդ նույն կռվավեճի փաստով այլ հեռախոսազանգ էր արձանագրվել: Այնինչ իմ հաղորդումը էականորեն տարբերվում էր նախորդ հեռախոսազանգից: Փաստորեն գործի հարուցման համար հիմք է ընդունվել իմ զանգից երկու րոպե առաջ եղած հեռախոսազանգը, ինչպես նաեւ ԱրՊՀ ռեկտորի գրավոր դիմումը՝ ամբողջովին անտեսելով իմ հաղորդումը:

Նախաքննական մարմինը որոշում կայացնելու համար հիմնականում հիմնվել է միջադեպին մասնակից վկաների ցուցմունքների վրա, այն դեպքում, երբ այդ ցուցմունքները լի են բազմաթիվ հակասություններով: Հակասությունները հատկապես ցայտուն ձեւով երեւացել են առերեսումների ժամանակ, ինչից կարելի է եզրակացնել, որ ԱրՊՀ վարչատնտեսական մասի աշխատողներն ուղղորդված են եղել եւ տվել են սուտ ցուցմունքներ:

Իմ եւ կնոջս՝ Դիանա Մովսիսյանի տված ցուցմունքները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել, քննիչը որոշել է Դիանային հասցված թեթեւ մարմնական վնասվածքի փաստով քրեական հետապնդում չիրականացնել պրոռեկտոր Ջավադյանի եւ երկու բանվորների նկատմամբ՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Գործի կողմնակալ քննության մասին է վկայում նաեւ ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը հայաստանյան լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա միջադեպի մասին տարածել է սուտ տեղեկություններ, զրպարտել է ինձ եւ կնոջս, իմ մասին թույլ տվել վիրավորական արտահայտություններ: Սա խոսում է ԼՂՀ նախագահի կողմից իջեցրած հստակ քաղաքական պատվերի, Արցախի ղեկավարների մոտ առկա անհանդուրժողականության մասին»: