«Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին ժամը 23-ի սահմաններում «առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործն Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ըստ ընդդատության ուղարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդըհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն` դատավոր Վ.Ա.Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել է, որ 2012թվականի մայիսի 12–ին, ժամը 23–ի սահմաններում, ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Մեսրոպ Մանրիկյանը, գտնվելով Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում տեղադրված, իրեն պատկանող ավտոտնակի մոտ, նկատել է, որ երկու մանկահաս երեխաներ բակում վազել են դեպի որդու` Ալբերտ Մանրիկյանի վարած ավտոմեքենայի ուղղությամբ եւ վերջինս դժվարությամբ հաջողվել է խուսափել վրաերթից: Տեսնելով դա` Մ.Մանրիկյանը երեխաների ծնողներին հասցեագրված վրդովմունք է հայտնել` ուշ ժամին բակում նրանց առանց հսկողության թողնելու համար: Նրան հակադարձել է երեխաների հայրը` Ռուբեն Գրդզելյանը, ում Մ.Մանրիկյանը նկատած չի եղել: Այդ կապացությամբ վերջիններիս միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Ռ.Գրդզելյանը առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է Մ.Մանրիկյանի դեմքին` պատճառելով առողջությանը թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով: Այդ պահին նրանց է մոտեցել Մ.Մանրիկյանի որդին` Ալբերտ Մանրիկյանը, որն իր հերթին սկզբում հրել, ապա ձեռքով հարվածել է Ռ.Գրդզելյանի դեմքին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Քրեական գործում եղած նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թվականի մայիսի 12–ին ժամը 23–ի սահմաններում Ռ.Գրդզելյանի եւ Մանրիկյանների միջեւ վիճաբանությունը եւ ծեծկռտուքը տեղի է ունեցել Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի բակում: Համաձայն Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի գրության, Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 36 շենքի տարածքը ներառված չէ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, այլ այն հանդիսանում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարածք:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1–ին կետի համաձայն, առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում: «Անտեսելով օրենսդրի իմպերատիվ պահանջը եւ խախտելով քրեական գործերի տարածքային ընդդատության սկզբունքը, նախաքննական մարմինը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 277 հոդվածի կարգով գործն ուղարկել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49 հոդվածի 1–ին կետը սահմանում է. «Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 298 հոդվածի համաձայն, եթե դատարանը պարզի, որ գործն իրեն ընդդատյա չէ, ապա նա որոշում է կայացնում գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին` նշելով նման որոշման իրավաբանական հիմքերը եւ դատարանը որին ուղարկվում է գործը:
Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1–ին կետի, 49 հոդվածի 1–ին կետի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 298 հոդվածի պահանջներով` դատարանը որոշել է քրեական գործն ըստ մեղադրանքի Ռուբեն Գեւորգի Գրդզելյանի եւ Ալբերտ Մեսրոպի Մանրիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով, ըստ ընդդատության ուղարկել Երեւանի Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների դատարանում դատական նիստը նշանակվել է օգոստոսի 27-ին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:
Ըստ գործակալության, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն գտնվել է գետնին:
Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:
«Քրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար»,- հայտնեցին ՀՔԾ-ից:
ՀՔԾ-ի փոխանցմամբ` երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում է կայացվել նաեւ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:




























