«Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին ժամը 23-ի սահմաններում «առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործը ուղարկվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Գրդզելյանը նշեց, որ առայժմ դատարանից ծանուցագիր չի ստացել` նիստի օր նշանակվելու հետ կապված:

Հարցին, թե ինչպես եք վերաբերում, որ ձեզ եւ դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին նույն մեղադրանք է առաջադրվել` «առողջությանը դիտավորությամբ  թեթեւ վնաս պատճառել», նա պատասխանեց. «Դա ճնշելու ձեւ է, որ ես բողոքը հետ վերցնեմ, իրականում տղային է դեմ տվել, քանի որ դա իր գործունեությանը կխանգարեր, որովհետեւ եթե իր նկատմամբ գործ հարուցվեր, իր գործունեությունը պետք է կասեցվեր, իսկ եթե հանկարծ մեղավոր ճանաչվեր, պետք է հրաժարվեր գործից, որպեսզի այդպես չլինի, տղային է ուղարկվում դատվելու»,- ասաց նա: Լրագրողը նշեց, որ իրեն ծեծելու նախաձեռնությունը հենց դատախազինն է եղել, տղան էլ մասնակցել է այդ ծեծին, ինչպես մի քանի հոգի:

Ռուբեն Գրդեզլյանը ակնկալում է, որ մեղադրանք կառաջադրվի դատախազ Մեսրոպ Մանրիկյանին, քանի որ նրա մեղավորությունը ապացուցելու ձեւեր կան: Լրագրողը Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ ՀՀ Քր. Օր.-ի 118-րդ հոդվածի (Ծեծը) հատկանիշներով մեղադրանք առաջադրելու մասին միջնորդություն է ներկայացրել գործը քննող քննիչին, սակայն միջնորդությունը մերժվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:

Ըստ գործակալության, ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել  Մանրիկյանի որդին ու եւս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրձելյանին, ով արդեն գտնվել է գետնին:

Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:

«Քրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար»,- հայտնեցին ՀՔԾ-ից:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում է կայացվել նաեւ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: