Հայաստանում 2012թ. սնկերի օգտագործման հետեւանքով արձանագրվել է սննդային թունավորման 16 դեպք` 27 տուժածով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակամահաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։

Իսկ 2011 թ. սնկերի օգտագործման հետեւանքով արձանագրվել էր սննդային թունավորման 18 դեպք` 40 տուժածով:

Այս տարի դեպքերը արձանագրվել են Կոտայքի, Լոռիի, Արարատի, Արմավիրի մարզերում եւ Երեւանում: Մարգարիտա Բաբայանի խոսքով` թունավորումների առաջացման պատճառը հիվանդների կողմից հավաքված սնկերի օգտագործումն է սննդում

Նրա փոխանցմամբ` թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Նախնական ախտանիշների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Սննդային թունավորումից խուսափելու  նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս. չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, սունկն անհրաժեշտ է գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան  իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ: