«Հրապարակը» գրում է, որ քաղաքական շրջանակներում վերջերս սկսել է շրջանառվել նախագահի նոր թեկնածուի անուն: Խոսքը «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին է: Նա կարող է լինել նախագահի միասնական թեկնածու. միասնական այն իմաստով, որ նրա թեկնածության շուրջ կարող են համախմբվել միանգամից մի քանի ուժեր:
Չնայած բոլորը նշում են, որ Կարեն Կարապետյանը խիստ զգուշավոր անձնավորություն է եւ չի սիրում մասնակցել այնպիսի էքստրեմալ միջոցառումների, ինչպիսին մեզանում նախագահական ընտրություններն են, եւ նույնիսկ Երեւանի քաղաքապետի խիստ քաղաքական պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը մենեջեր, սակայն հնարավոր է, որ նա պարտադրված լինի գնալ նման քայլի: Իսկ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա: Կարապետյանն այսօր էլ զբաղեցնում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահի պաշտոնը:
Նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձեւավորվել երկու քաղաքական խմբավորումների՝ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ: Կարեն Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի մերձավոր եւ միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հեռավոր ազգականն է: Բայց միայն ազգակցական կապերը չէ, որ միավորում են Կարապետյանին եւ Քոչարյանին. նրանք համարվում են միեւնույն քաղաքական թիմի ներկայացուցիչներ:
Այնպես որ, Կարապետյանը Քոչարյանի համար նախագահի լավագույն թեկնածուն է, եւ ԲՀԿ-ն, նրա հրահանգով, պատրաստակամորեն կպաշտպանի Կարապետյանի թեկնածությունը: Կարապետյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում ԲՀԿ-ն եւս հիմնավորումների պակաս չի ունենա. նրան կներկայացնեն որպես լավ տնտեսվարող, ում պաշտոնավարման ընթացքում գազիֆիկացվեց Հայաստանը, ով, քաղաքապետի պաշտոնը ստանձնելով, պայքար սկսեց քաղաքի դեմքն աղավաղող կրպակների ու փողոցային առեւտրի դեմ եւ դեռ շատ լավ բաներ կաներ մեր քաղաքի համար, բայց, ավաղ, ստիպված էր կամ, ավելի ճիշտ՝ նրան ստիպեցին հեռանալ ներկա իշխանությունները: Կարապետյանի թեկնածության առաջադրման դեպքում ավելի հուզիչ եւ սրտաճմլիկ տեսարաններ էլ կարող են ներկայացվել:
Նրա թեկնածությունը գրավիչ է նաեւ ՀԱԿ-ի համար, որը վերջին շրջանում անվերապահորեն նվիրվել է ԲՀԿ-ին: Նախ, եթե նախագահական ընտրություններում առաջադրվեր որեւէ ԲՀԿ-ական թեկնածու, ապա ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի համար բավական դժվար կլիներ իր կողմնակիցներին համոզել պաշտպանել այլ կուսակցության անդամի, որքան էլ որ Տեր-Պետրոսյանը փորձի համոզել, որ ԲՀԿ-ն իրեն անշահախնդրորեն նվիրել է ռեժիմի դեմ պայքարին: Բայց Կարեն Կարապետյանի դեպքում իրավիճակը բոլորովին այլ է. նա կուսակցական չէ եւ այդ իմաստով կարող է լինել ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի թեկնածուն: Այս պարագայում ՀԱԿ-ում եւս չեն դժվարանա Կարեն Կարապետյանի թեկնածության պաշտպանությունը հիմնավորելու հարցում: Հնարավոր է, որ ի հայտ գան իշխանությունների կողմից ներդրված մի քանի ՀԱԿ անդամներ, ովքեր կպնդեն, որ Կարեն Կարապետյանը նույնպիսի օլիգարխ է, ինչպես մյուս բոլոր օլիգարխները, բայց պատմական փորձը ցույց է տվել, որ նման լրտեսներն ու դավաճանները բացահայտվելուց հետո օպերատիվորեն չեզոքացվում են:




























