Հայաստանում  2011թ. գործել են 3  հանրապետական եւ 945  հանրային գրադարաններ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  Ազգային վիճակագրական ծառայությունից: Հանրային գրադարաններից 11-ը`  մարզային կենտրոնական են, 53-ը`  տարածքային կենտրոնական, 82-ը` քաղաքային, 768-ը` գյուղական եւ 31-ը` մանկական:

ԱՎԾ-ի փոխանցմամբ` հանրապետության 948 գրադարաններում կա ավելի քան 19 միլիոն գրքային ֆոնդ, որից 2011թ ընթացքում սպասարկվել է մոտ 10 միլիոնը: Ըստ վիճակագրության` ամենամեծ պահանջարկն ունի բանասիրական եւ գեղարվեստական գրականությունը, ապա` հասարակական-քաղաքական, արվեստ, ֆիզկուլտուրա եւ սպորտ, տեխնիկական եւ գյուղատնտեսական, բնական եւ բժշկական գրականությունը: Ինչ վերաբերում է հաճախումներին, ապա 2011թ եղել է 578 հազար 771 ընթերցող, իսկ հաճախումների քանակը կազմել է մոտ 6 միլիոն: Ընթերցողների մեջ զգալի մեծամասնությունը կազմում են կանայք, իսկ ըստ տարիքային խմբերի ակտիվության` աչքի է ընկնում 15-ից ցածր տարիքային խումբը, ապա` 16-25 տարեկանները, երրորդ հորիզոնականում 26-ից բարձր անձինք են: Մեկ հետաքրքիր օրինաչափություն եւս. եթե քաղաքում ավելի ակտիվ ընթերցող է 16-25 տարեկան խումբը, ապա` գյուղերում` 15-ից ցածր տարեկաններն են ակտիվորեն հաճախում գրադարան: Հայաստանի գրադարաններում աշխատում է 2297 մարդ, որից 2224-ը` կանայք:  Նշենք նաեւ, որ 2011թ. հանրապետությունում գործել են 3 գիտական մասնագիտացված գրադարաններ, որոնց  գրքային ֆոնդը կազմել է 25.5 մլն:

NEWS.am-ը գրադարաններից եւս փորձեց ճշտել, թե ամռանը ընթերցողների թվի ա՞ճ, թե՞ նվազում է նկատվել, ո՞ր գրքերն են ամենապահանջվածը եւ այլն:  Խնկո-Ապոր անվան գրադարանից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այցելուները դպրոցական երեխաներն են, ովքեր հիմնականում ծրագրային գրքեր են վերցնում: Այստեղ ամռանը ընթերցողների թվի նվազում է նկատվել, ինչը պայմանավորված է արձակուրդներով:

Օքրո Օքրոյանի անվան N3 գրադարանում եւս արձակուրդներին ընթերցողների նվազում է նկատվում: Նրանց ամենակտիվ ընթերցողները իգական սեռի ներկայացուցիչներն են` դպրոցականներ եւ ուսանողներ, ովքեր հիմնականում հանձնարարված գրականության համար են գալիս: Իսկ թոշակառուներն եւ տնային տնտեսուհիները ավելի շատ նախընտրում են գեղարվեստական գրականություն, վերընթերցում են տարիներ առաջ կարդացած գրքերը:

Ամռանը ընթերցողների թվի աճ արձանագրվել է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում: Փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  անցյալ տարիների համեմատությամբ` այս տարի շատ են ընթերցողները: Իսկ առհասարակ ընթերցողների մեծ հոսք լինում է  ուսումնական տարում, մասնավորապես` քննաշրջաններին: Այստեղ ընթերցողների լայն բանակ կա` թոշակառուներ, ասպիրանտներ, մագիստրոսներ, բայց ամենակտիվը ուսանողներն են: Այս գրադարանում ամենամեծ պահանաջարկ ունեցող գրքերը վերաբերում են մարքեթինգին, հաշվապահությանը, տնտեսագիտությանը, իրավագիտությանը եւ այլն: Իսահակյանի գրադարանը օրական մոտ 700-1000 ընթերցող ունի: «Միֆ է, թե երիտասարդները չեն ընթերցում, թող գան մեզ մոտ եւ տեսնեն, թե ինչպես են ընթերցում»,- ասաց նա: Շուշանիկ Կուրղինյանի անվան N 17 գրադարանում եւս ընթերցողների թվի աճ է արձանագրվել, դպրոցականները այցելում են արձակուրդներին հանձնարարաված գրականությունը ընթերցելու համար: Այստեղ ամենապահանջված գրքերը վերաբերում են լեզվաբանությանը, անգլերենին, ֆրանսերենին եւ հայոց պատմությանը:

Ինչ վերաբերում է ընթերցողներին, մասնավորապես դպրոցականների` տարիքին ոչ համապատասխան գրքեր վերցնելուն, ապա հնչեցին ամենաարբեր մեկնաբանությունները: Գրադարանների մի մասից մեզ հավասատիացրին, որ նման դեպքեր չեն եղել: Մի մասում ասացին, որ չեն տալիս այդպիսի դեպքերում, քանի որ տարիքին համապատսախան չէ: Աշխատակիցների մի խումբ էլ նշեց, որ այդ դեպքերում չեն կարող ընթերցողի պահանջած գիրքը չտալ, որովհետեւ նման իրավունք չունեն: Օրինակ` մի անգամ 14-ամյա մի տղա գիրք էր ցանկանում վերցնել` «Նախնական սեռական կյանքը դեռահասաների մոտ» վերտառությամբ, սակայն այդ գիրքը չունեին, բայց եթե ունենային էլ` կտային, որովհետեւ արգելված ոչինչ չկա: Գրադարանի  աշխատակիցներից մեկն էլ ափսոսանք հայտնեց եւ հիշեց այն «երանելի» ժամանակները, երբ որոշակի արգելքներ կային երեխաների համար, երբ նրանց ամեն ինչ կարդալ, տեսնել եւ իմանալ  թույլատրված չէր: «Իսկ այժմ, եթե դու չտաս, մեկ ուրիշը կտա, եւ վերջին հաշվով, համացանցից կգտնի»,- ասաց աշխատակիցներից մեկը: