Հայաստանի կառավարությունն ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխմամբ լուծել է Երեւանի պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Պուշկինի 25 հասցեում գտնվող տեղական նշանակության հուշարձան-շենքի գեղարվեստական եւ ճարտարապետական արժանիքների պահպանման հարցը։ Նախկին որոշման համաձայն նշված շենքում մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացման հարցը քննարկվել է մշակույթի նախարարության եւ բնագավառի փորձառու մասնագետների հետ, ինչպես նաեւ նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում։ Հաշվի առնելով քննարկման արդյունքը, ինչպես նաեւ Ալ. Թամանյանի թողած ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, մեկ հիմնական հարկի եւ ձեղնահարկի ավելացումը աննպատակահարմար է համարվել, ինչն արտացոլվել է կառավարության որոշման մեջ։

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման պահանջները, որոնց կատարմամբ կապահովվի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը։

Հաշվի առնելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի բարեխիղճ աշխատանքը, կառավարությունը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգել է չորս տարով։

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի վերջին կիրակի օրը նշվելու է որպես «Ոսկերչի ազգային օր»։