ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է 6-ամյա Նարեկի Մարտիրոսյանի բուժման համար բացված հաշվեհամարին: Այս մասին Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա ռեֆերենտ Նվարդ Վարդանյանը: ԱԺ նախագահը երեխային մաղթել է շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արվում է արտասահմանում: Նարեկի վիրահատության համար գումար գտնելու նպատակով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Նարեկին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում հաշվեհամար է բացվել;
Նարեկ Մարտիրոսյանը ծնվել է 2006 թվականի ապրիլի 7-ին: 2009 թվականի սեպտեմբերին Նարեկի մոտ հայտնաբերվում է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, որից հետո երեխայի բուժումն անցկացվում է Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում. մեկ տարի անց Նարեկի հիվանդությունը կրկնվում է: Հիմա փոքրիկ Նարեկը ստիպված է պայքարել նեյրոլեյկոզի դեմ:




























