Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի ու «ՎՏԲ Հայաստան» բանկի մանրամեծածախ դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաեւ փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներ մենք արդեն ունենք, ինչն իսկապես ողջունելի է: Մասնավորապես, «ՎՏԲ Հայաստան» բանկի աջակցությամբ արդեն իսկ վերագործարկվել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա եւ Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները։ Եվ այսպիսի օրինակներ այսօր արդեն շատ ունենք: Մենք էլ մեր լիազորությունների շրջանակում միշտ աջակցում ենք մեր գործընկերներին, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ Երեւանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է ու պատրաստակամ է կյանքի կոչել մայրաքաղաքն առավել հարմարավետ եւ ներկայանալի դարձնելու ցանկացած առողջ առաջարկ»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ընկերությունների ներկայացուցիչները բարձր են գնահատել քաղաքապետի մոտեցումներն ու իրենց հերթին ընդգծել, որ իրենց ընկերությունները մեկ անգամ չէ, որ համոզվել են Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունավետության եւ վստահելի գործընկեր լինելու մեջ: Ըստ այդմ, նաեւ վստահեցրել են, որ պատրաստակամ են շարունակել ու ընդլայնել համագործակցությունը: Ի մասնավորի, «ՎՏԲ Հայաստան» բանկի ներկայացուցիչն ու «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանի կողմից այգիների եւ շատրվանների բարեկարգման ծրագրերի շրջանակում մասնակցություն ունենալ Գլխավոր պողոտայի Նալբանդյան եւ Հանրապետության փողոցների միջեւ ընկած հատվածը կանաչապատելու եւ շատրվանները բարեկարգելու աշխատանքներում: Այդ համատեքստում Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ վերոնշյալ հատվածի բարեկարգման նախնական էսքիզները:
Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, քաղաքապետը Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների հետ համատեղ համապատասխան մասնագետների հետ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը:
Հանդիպման ավարտին մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանի հետ սերտ համագործակցելու պատրաստակամության համար` Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ համագործակցությունը կլինի երկուստեք փոխշահավետ եւ շարունակական:



























