Կան մի քանի հոգի` անհանգիստ մարդիկ, որոնք պահանջված չեն ոչ այստեղ, ոչ սփյուռքում եւ շատ լավ եղանակ են գտել` սեփական գոյությունն եւ իրենց անգործությունը եւ միջակ կարողությունները կոմպենսացնել մեկ ուրիշին փնովելու, հայհոյելու, վատաբանելու մեջ: Այս մասին այսօր` օգոստոսի 24-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` անդրադառնալով իրեն հեռացնելու մասին որոշ արվեստագետների պահանջին, իր ատենախոսության մեջ տեղ գտած սխալների մասին տեղեկություններին:
Նրա խոսքով` այդ մարդիկ պարապ են մնացել եւ որպես «համեղ պատառ» իրեն են ընտրել: Նրան այս ամենը հիշեցնում է ստալինյան ժամանակները, «երբ հավաքվում են եւ ասում էին, թե սա չգիտեմ` ինչի մասին է, բայց մեկ է` դատապարտում եմ»: Ցեղասպանության թանգարանի տնօրենը շատ շնորհակալ է, որ այդ մարդիկ այդքան մտահոգ են, բայց կցանկանար, որ նրանք անուն-ազգանուններով հանդես գգային: Նա նշեց, որ լուրջ մտավախություն ունի, որ նրանք կարող են դեմոյանագիտության կենտրոն բացել եւ խմբակային սկսեն համեմատել իր ձեռագիրն ու սեւագիրը: «Իմ գործունության պատճառով այս մարդիկ ունեն որոշակի նպատակ, որը բխում է իրենց` պահանջված չլինելու հոգեբանական բարդույթներից: Ես ունեմ իմ աշխատանքը, իմ նպատակները, որոնք ահռելի են, նրանք չեն կարող ոչ ինձ աջակցել, ոչ էլ թանգարանին»,- նշեց նա:
Առհասարակ, Հայկ Դեմոյանի խոսքով, ինքը վաղուց ուշադրություն չի դարձնում նման բաների եւ այդ ամենին հեգնանքով եւ ծիծաղով է վերաբերում, արդեն սովորել է նման արձագանքներին ընդհանրապես արձագանք չտալ: «Նույն այդ շրջապատում կան մարդիկ, որոնք կուզեին իմ տեղը լինել, որովհետեւ իրենք, չգիտես ինչու, իրենց մեջ պատկերացնում են ստրատեգների»,- ասաց նա` հավելելով, որ հայ իրականության մեջ դեռ պատմությունից գիտենք, որ առաջին հերթին հարվածում են յուրայիններին, երբ ինչ-որ լավ բան է լինում, դրանում նա արդեն համոզվել է:
«Կենաց ծառ» մշակութային կենտրոնում Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները քննարկելու նպատակով կայացած հավաքին, որպես բանախոս, հրավիրված գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, Դեմոյանի խոսքով, ստահակ եւ սանձարձակ մեթոդի է դիմել, «6 տարեկանից լինելով կույր` նա չէր կարող կարդալ իմ ատենախոսության 411 էջը եւ ստորագրել մեկ ուրիշ ստահակի` Արմեն Այվազյանի ստորագրած լուտանագիրը»:
Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել է, թե մի խումբ պատմաբանների, արվեստագետների, գրողների, բանասերների մտահոգել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ռուսերեն գրված ատենախոսությունը եւ առհասարակ նրա գործունեությունը: «Երեկ նրանք հավաքվել էին «Կենաց ծառ» մշակութային կենտրոնում: Նպատակն էր քննարկել Դեմոյանի ատենախոսության մեջ տեղ գտած սխալները: Հավաքին, որպես բանախոս, հրավիրված էր գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը: Հենց նա էլ ներկայացրել է լեզվական եւ գաղափարական խեղաթյուրումները: Քննարկումն ուղեկցվել է ներկաների ելույթներով, կարծիքների փոխանակման ու առաջարկությունների արդյունքում որոշում է կայացվել բաց նամակ հղել ԳԱ ակադեմիայի ղեկավարությանը եւ պահանջել ցինիզմի, ինչպես նաեւ ատենախոսության մեջ տեղ գտած լուրջ խեղաթյուրումների, խայտառակ ուղղորդումների համար հեռացնել Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի պաշտոնից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























