ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սեպտեմբերի 19-ին կշարունակվի անշարժ գույք գնելու նպատակ ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի պաշտպան Հովիկ Արսենյանի բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը միջնորդում է ամբաստանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ կամ նրան դատապարտել պայմանական ազատազրկման:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանում հրապարակվել են գործի հանգամանքները: Ըստ այդմ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճռով Սիմոն Աղազարյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Դատարանը հիմնավորված էր համարել մեղադրանքը, ըստ որի «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Աղազարյանը իր կարգադրիչ լիազորություններն իր անձի օգտին օգտագործելու կամ այլ անձանց վնաս պատճառելու եւ ծանր հետեւանքներ առաջացնելու նպատակով, ինչպես նաեւ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2006-2008թթ. Բյուզանդի 9 հասցեում կառուցվելիք բազմաբնակարան շենքից անշարժ գույք վաճառելու նպատակով, 65 քաղաքացիների հետ անշարժ գույքի նախնական առուվաճառքի, փոխառության եւ ներդրումային համագործակցության մասին պայմանագիր կնքելով, արտերկրից ստացել է 273 մլն 420 հազար 511 ՀՀ դրամ գումար, ընդհանուր հավաքագրել է 3 մլրդ 300 մլն 5 հազար 191 ՀՀ դրամ գումար, որից նպատակային ծախսել է 1 մլրդ 784 մլն 209 հազար 294 ՀՀ գումար, իսկ 1 մլրդ 324 մլն 982 հազար 397 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:
Օգոստոսի 24-ին նշանակված դատական նիստը ընդմիջվեց եւ հետաձգվեց պաշտպան Հ. Արսենյանի բացակայության պատճառով: Վերջինիս տեղեկացմամբ, Եղեգնաձորում այլ նիստի մասնակցելու պատճառով չի կարող ներկա գտնվել վերաքննիչ բողոքի քննությանը:


























