Առաջին  դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու  ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության  նախընտրական ծրագրի կրթության ոլորտի դրույթներից է, որը որպես խիստ կարեւոր եւ նորարարական առաջարկ, ներառվել է ՀՀ կառավարության գործունեության  2012-17 թվականների ծրագրում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:

«ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից երբեւէ չի հայտարարվել, որ ՀՀ դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին  համակարգիչներ հատկացնելու ծրագիրը մեկնարկելու է 2012-13 թթ.  ուսումնական տարվանից: Կառավարության ծրագրի  կրթության ոլորտում նախատեսված աշխատանքներն իրականացման ընթացքում են  եւ ՀՀ կրթությանն եւ գիտության նախարարության կողմից այդ մասին հանրությանը մշտապես տեղեկատվություն է ներկայացվում»,- հայտնել են նախարարությունից:

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ  ՀՀ կառավարության այս տարի հաստատված ծրագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ: Կառավարությունը, սակայն, սահմանափակվել է միայն այս դրույթը հրապարակելով: «Առաջին դասարանցիներին համակարգիչներ տրամադրելու ուղղությամբ որեւէ քայլ մինչ օրս չի ձեռնարկվել: Ավելին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում միանգամից գլխի չեն ընկնում, թե խոսքն ինչի մասին է, երբ փորձում ես հետաքրքրվել այդ ծրագրի հետ կապված մանրամասներով. ասենք, օրինակ, երբվանի՞ց է սկսվելու համակարգիչների բաշխումը, ի՞նչ համակարգիչ է լինելու, ի՞նչ կարգով է նախատեսվում ձեոք բերել, որքա՞ն գումարով եւ այլն: Փոխարենը, հարեւան Վրաստանում նման մի գործընթաց մեկնարկել է դեռ անցած տարվանից: 2011 թվականին աոաջին դասարանցիները Վրաստանում նեթբուք են ստացել: Այս տարի եւս վրացական իշխանությունները խոստանում են շարունակել այդ գործընթացը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: