Այսօր` օգոստոսի 25-ին կրակոցներ են հնչել Ստեփանավան քաղաքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 01.40-ի սահմաններում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 54 տան բակում կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզում են, որ ահազանգն ստանալուց րոպեներ առաջ Ստեփանավանի բնակիչ 52-ամյա Սամվել Էլոյանը իր մոտ եղած երկփողանի որսորդական հրացանով կրակոցներ է արձակել նշված տան բնակիչ, 69-ամյա Վալիկո Մուրադյանի տան ուղղությամբ:
Խոսակցությունների համաձայն առաջին կրակոցը արձակելուց հետո էլոյանը թռել է ցանկապատի վրայից եւ մտել արդեն Վ. Մուրադյանի տուն, հրացանի փողը պահել նրա եւ նրա կնոջ ուղղությամբ` սպառնալով երկուսին էլ սպանել: Երբ Մուրադյանը փորձել է խլել հրացանը, հնչել է կրակոց:
Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը` անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռոբերտ Մանուչարյանի գլխավորությամբ, քննչական աշխատանքները ղեկավարել է Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Լեւոն Պառավյանը, քննիչի որոշմամբ հրացանը առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ս. Էլոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նշենք, որ Էլոյանը Մուրադյանի փեսան է:


























