ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչեւ հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռեւս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչեւ նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 եւ ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման աշխատանքներն ու ապահովել մանուկների համար պատշաճ տաք ու հարմարավետ պայմաններ: Երեւանի համար սա համարում եմ մեծ ու կարեւոր ձեռքբերում: Մինչեւ ջեռուցման սեզոնի մեկնարկը պետք է ավարտին հասցնենք նաեւ չջեռուցվող դպրոցների ջեռուցմամբ ապահովելու հարցը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել եւ կրթություն ստանալ»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հետագա ծրագրերում կընդգրվեն նաեւ չջեռուցվող  մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները:

Քաղաքապետին զեկուցվել է, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները հիմնականում պատշաճ տեսքի են բերվել եւ պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչեւ սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ: Քաղաքապետը հատկապես կաեւորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը` հանձնարարելով խստորեն վերահսկել հատկապես այդ աշխատանքների սահմանված ժամկետում կատարումը:

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է խսիտ հսկողություն սահմանել մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաեւ Նորքի, Դալմայի այգիների եւ անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման եւ ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

«Մայրաքաղաքում առկա առանց այդ էլ սակավ անտառաշերտերը, անկախ նրանից, թե ում ենթակայության ներքո են գտնվում, Երեւանի տարածքում են եւ մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք այն պահպանելու ուղղությամբ: Նշված տարածքների ոռոգումը մշտապես պետք է լինի համապատասխան կառույցների, այդ թվում նաեւ վարչական շրջանների ղեկավարների անմիջական հսկողության տակ: Եթե անգամ վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի ենթակայության տիրույթում չեն, միեւնույն է, մենք չենք կարող թույլ տալ, որ դրանք մնան անխնամ ու ժամանակի հետ կանգնենք դրանք կորցնելու վտանգի առաջ:»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել սերտորեն աշխատել տվյալ տարածքների պատասխանատուների հետ:

Քաղաքապետը հանձնարարել է նաեւ կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները եւ մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանգստյան օրերին կազմակերպվող շաբաթյակների աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտներին ու հետեւել աշխատանքների պատշաճ կատարմանը:  Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմակերպել փողոցների հեղեղատարների մաքրման աշխատանքները:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրասպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին եւ ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել թվով 10 մեքենա, ձեռնարկվել են նաեւ համապատասխան միջոցներ չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում եւ կամարանցումներում, ավտոմեքենաների կայանումը բացառելու ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:

Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման գործընթացի հետ կապված քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 18 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ խիստ հսկողությունը` հնարավոր դեպքերը բացառելու համար:

Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարն շենքերի պատերին եւ հենասյուներին անհայտ անձանց եւ կազմակերպութունների կողմից փակցված հայատարարությունների մաքրման աշխատանքները: Բացի այդ, այս շաբաթ կմեկնարկեն հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների առաջին խմբաքանակի տեղադրման աշխատանքները:

Անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչեւ լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին`»Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարեցվել են եւ այժմ արձանները լուսավորված են մինչեւ լուսաբաց: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները եւս ավարտելու ուղղությամբ:

«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները: