Ազգային ժողովի նորակազմ Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ քաղաքացի, Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննության վերաբերյալ հարցը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, սա ԱԺ պատգամավորին վերաբերող` քաղաքացիներից ստացված առաջին դիմումի քննարկումն է լինելու: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ իսկ պատճառով, դիմումները նախօրոք հրապարակման ենթակա չեն, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները հրապարակվելու են Ազգային ժողովի հերթական նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստերում, որից հետո դրանք տեղադրվելու են ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:
Նշենք, որ Ա. Զադոյանի դիմումը վերաբերում է համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից ԱԺ պատգամավոր ընտրված Կարո Կարապետյանին: Նրանց միջեւ դեռեւս 2009թ. տեղի է ունեցել վիճաբանություն, ապա ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Նախապես երկուսն էլ հանդիսացել են վկաներ, հետագայում` 2010թ., Ա. Զադոյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ ԱԺ պատգամավոր, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Կ. Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Ա. Զադոյանը տեւական ժամանակ պահանջում է, որ Կարապետյանին եւս մեղադրանք առաջադրվի եւ վերջինս չօգտվի պատգամավորին վերապահված անձեռնմխելիության իրավունքից: Ընթացիկ տարվա մայիսի սկզբին Ա. Զադոյանը դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:




























