Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու: Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան կնպաստի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը, կողմերը կարեւորել են նաեւ տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաեւ հայ-իտալական առեւտրային պալատ:

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ձեւավորելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով, որի շուրջ իտալական կողմի հետ արդեն իսկ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Կառավարության ղեկավարն Իտալիայի փոխարտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում ձեւավորվող ազատ տնտեսական գոտիների գաղափարը: Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների եւ նորարարության բնագավառներում գործունեություն ծավալող իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը ազատ տնտեսական գոտիներ:

Մարտա Դասուին նախ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի ջերմ ողջույնները եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում առիթ կլինի հանդիպել Իտալիայի կառավարության ղեկավարի հետ:

Տիկին Դասուին ընդգծել է, որ Իտալիան եւս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի: Այդ առումով կարեւորվել է առաջիկա հոկտեմբերին նախատեսված Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան:

Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Իտալիայի փոխարտգործնախարարը նշել է, որ իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես, հեռուստատեսության թվայնացման եւ ճանապարհաշինարարության բնագավառներում: Տիկին Դասուին վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է  օժանդակելու Հայաստանին՝ նաեւ եվրաինտեգրման գործընթացներում:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են տեքստիլ արդյունաբերության,  զբոսաշրջության, փոքր եւ միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների զարգացման, ինչպես նաեւ  աստղաֆիզիկայի բնագավառներում երկկողմ  համագործակցությանը վերաբերող հարցեր: