Այս օրերին Երեւանի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ ծնողների` իրենց երեխաների հետ, ովքեր խանութից խանութ, շուկայից շուկա են շտապում` փորձելով ավարտին հասցնել սեպտեմբերմեկյան նախապատրաստությունները: Խանութներն ու շուկաները մարդաշատ են, սակայն առեւտրականները բողոքում են, որ առեւտուր չկա, ոչինչ չեն գնում, միմիայն նայում են ու անցնում: Ծնողներն էլ իրենց հերթին բողոքում են, որ ամեն ինչ շատ թանկ է եւ գնալով ավելի է թանկանում: «Երեխայի շորերը մեծի շորերի գին է, ոչ մի տարբերություն, ու դեռ երաշխիք էլ չկա` արդյոք այդքան թանկ վճարելով երեխան մի քանի սեզոն կհագնի»,- ասաց երկու երեխաների մայր Անահիտը:

Ծնողների շրջանում մեր հարցումը ցույց տվեց, որ նրանք մի երեխայի դպրոց ճանապարհելու համար ծախսում են 50-70 հազար դրամ, ու ամենեւին էլ չեն գնում ճոխ բաներ, այլ հասարակ, սովորական, առաջին անհրաժեշտության իրեր: Սա էլ այն դեպքում, երբ երեխան առաջին դասարան չի գնում, եւ դեռ նախորդ տարվանից որոշ իրեր լավ պահպանվել են: Իսկ առաջին դասարանցի ունենալու դեպքում ծնողների սեպտեմբերյան ծախսը ավելանում է:

Այսպես, մեզ հետ զրույցում ծնողներից Արթուրը նշեց, որ այս տարի երեխայի սեպտեմբերյան ծախսը իր վրա արժեցել է 30 հազար դրամ, բայց սա այն դեպքում, երբ շատ իրեր նախորդ տարվանից լավ պահպանվել էին , շատ բաներ տարվա ընթացքում են գնում եւ շատ բաներ էլ երեխան նվեր է ստացել: Իսկ նախորդ տարի, երբ նրա դուստրը առաջին դասարան էր գնում, ծախսել էր 100 հազար դրամ: Մեկ այլ ծնող` Նարինեն որդուն դպրոց ճանապարհելու համար ծախսել է մոտ 50 հազար դրամ: Նա, շրջելով շուկաներում եւ խանութներում, նկատել է, թե ինչպես է ամեն ինչ թանկացել նախորդ տարվա համեմատ: 50 հազար դրամով նա գնել է երեխայի գրենական պիտույքների մի մասը, տաբատ, վերնաշապիկ, կոշիկ եւ այլ առաջին անհրաժեշտության իրեր:

Անիի որդու սեպտեմբերմեկյան ծախսերը արժեցել է 75 հազար դրամ եւ նորից առանց ավելորդ շքեղությունների` պարզապես գնելով առանջին անհրաժեշտության իրեր: «Բայց, սրանից բացի, դեռ ինչքան ծախսեր են սպասվում, շուտով կսկսեն գրքերի, աշխատանքային տետրերի գումարներ հավաքել»,- ասաց ծնողը: Աշոտի ամեն մի երեխայի գրենական պիտույքները արժեցել են 15 հազար դրամ, իսկ հագուստը` 35 հազար դրամ: Երկու երեխաների սեպտեմբերմեկյան առեւտրի վրա նա ծախսել է 100 հազար դրամ: Մարիամը դեռ չի գնել երեխաների սպետեմբերմեկյան իրերը, բայց վստահ է, որ այն իրենից կխլի մոտ 100 հազար դրամ:

NEWS.am-ը զրուցեց նաեւ առեւտրականների հետ, ովքեր եւս փաստեցին, որ ամեն ինչ տարեցտարի թանկանում է:

Այսպես, դպրոցահասակ երեխայի տաբատը արժե 7000-15.հազար դրամ, վերնաշապիկը` 5000-10 հազար դրամ, պայուսակը` 3000-10 հազար դրամ, կոշիկը` 5000-15 հազար դրամ, իսկ ներքնաշորերը եւ այլ անհրաժեշտ իրերը` մոտ 7000 դրամ: Բայց, առեւտրականների խոսքով, սրանից բացի` ծնողները ստիպված են երեխաների համար գնել սպորտային համազգեստ եւ կոշիկ` ֆիզկուլտուրայի դասերին մասնակցելու համար: Սպորտային համազգեստը արժե 10-20 հազար դրամ, իսկ սպորտային կոշիկը` 4000-8000 դրամ: Դպրոցահասակ երեխաների կոստյումները եւս էժան չեն` 10-30 հազար դրամ: Ինչ վերաբերում է գրենական պիտույքներին, ապա առանձնակի շքեղություններ թւոյլ չտալու դեպքում դրանք կարելի է գնել 7000-15 հազար դրամով:

Փաստորեն, եթե երեխաների համար դպրոցի ճամփան դժվար է, երկար, ապա ծնողների համար` թանկ է  ու գնալով ավելի է թանկանում: