Անցյալ շաբաթ ֆինանսական շուկայում հայկական դրամի արժեւորման գործընթացը կասեցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ըստ ԿԲ պաշտոնական հրապարակման` անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն բորսայում գնել է 3.45 մլն դոլար` 409.82 դրամ փոխարժեքով: Արտարժույթի գնումները հավանաբար տեղի են ունեցել օգոստոսի 22-ին եւ 23-ին, երբ դոլարի փոխարժեքն իջավ ամսվա իր նվազագույն մակարդակին` մինչեւ 409.75 դրամ: Փաստորեն` ԿԲ-ի միջամտության շնորհիվ դոլարի հետագա անկումը կասեցվել է:
Նշենք, որ 2012 թ. ընթացքում ՀՀ ԿԲ-ն առաջին անգամ է արտարժույթի շուկայում դոլար գնում: Մինչ այդ իրականացվել են միայն դոլարի վաճառքի գործարքներ: 2012 թ. ընթացքում ԿԲ-ն դրամի փոխարժեքի կայունացման նպատակով վաճառել է ավելի քան 130 մլն դոլար, որից միայն մայիսին` 51.8 մլն դոլար: Սակայն այդ ինտերվենցիաները չեն կարողացել կասեցնել դրամի բավական էական արժեզրկումը դոլարի նկատմամբ: Դոլարի փոխարժեքը ապրիլի 390 դրամից բարձրացել է հուլիսին մինչեւ 420 դրամ: Ներկայում, ընդհակառակը, տեղի է ունենում դրամի ամրապնդում, կապված, հավանաբար, զբոսաշրջային սեզոնի ակտիվացման հետ: Ամենայն հավանականությամբ` դոլարի թուլացման միտումները կպահպանվեն մինչեւ շաբաթա վերջ, եթե ԿԲ-ն նորից չմիջամտի:



























