Երկար տարիների աշխատանքից հետո այս տարի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ԵՊԼՀ նախկին ռեկտորը չի դիմավորի որպես ռեկտոր, դասախոս եւ այլն: Օգոստոսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանը Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն ասաց, թե ամեն ինչ արեցին, որ ինքը սպետեմբերի 1-ը չկարողանա դիմավորել որպես ռեկտոր:

Նախկին ռեկտորը տեղեկացրեց, որ Հայաստանի որեւէ բուհից աշխատանքի առաջարկություն չի ստացել, երեւի պատճառը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին չնեղացնելու ցանկությունն է: «Ավելին՝ այն գիտական ծրագրերին, որին ես մասնակցել եմ միջպետական համաձայնագրով, ինձ հանել են, թե Աշոտյանի ցուցումով, թե իրեն հաճոյանալու համար, չգիտեմ, փոխարենը Եվրոպայում դասավանդելու առաջարկներ եմ ստացել»,- նշեց նա:

Սուրեն Զոլյանը պատրատվում է մեկնել Տալինի համալսարան երեք ամսով՝ գիտական աշխատանք իրականացնելու համար, բայց նա պատրաստվում է հաջորդ կիսամյակում վերադառնալ Հյաաստան եւ աշխատել մասնագիտությամբ:

«Ես, որպես դասախոս եւ գիտնական, չեմ կարող տանը նստել, ստացվում է, որ ստիպում են՝ հեռանամ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր էր ընտրվել Գայանե Գասպարյանը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի