Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արմավիրի մարզ` նոր ուսումնական տարվա նախաշեմին  ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծրագրի երեք փուլերով Արմավիրի մարզին հատկացվել է շուրջ 3,9 մլրդ դրամ: Հիմնական միջոցներն ուղղվել են մարզի համայնքներում դպրոցների շենքերի վերանորոգմանը: Ընդհանուր առմամբ  ծրագրում ընդգրկված է մարզի շուրջ 40 դպրոց, ընդ որում` որոշ դպրոցների շենքերի նորոգումն ավարտին հասցնելու համար գումարներ են հատկացվել ծրագրի բոլոր երեք փուլերով:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները կատարվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Մարզի մի շարք համայնքներում աշակերտները նոր ուսումնական տարին կդիմավորեն բարեկարգ դպրոցներում:

Փոխվարչապետը մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղավ Մրգաստան համայնքի դպրոցում, որի վերանորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է 31,7 մլն դրամ: Այստեղ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ  առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտվեն:

Արտիմետ համայնքում դպրոցի նորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ այն պատրաստ է նոր ուսումնական տարվան: Առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով այդ նպատակով  հատկացվել էր 47,5 մլն դրամ:

Հուշակերտ համայնքի դպրոցում ծրագրի երկրորդ փուլով հատկացված 38,5 մլն դրամով կառուցվում է կաթսայատուն ու ջեռուցման համակարգ: Աշխատանքները շարունակվում են եւ, ըստ պատասխանատուների, չեն կարող խանգարել ուսումնական գործընթացին:

Ծրագրի երեք փուլերով շուրջ 160 մլն դրամ էր հատկացվել Լուկաշին համայնքի դպրոցի վթարային մասնաշենքի ամրացման եւ վերանորոգման համար: Ծրագրով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, սակայն շենքի նորոգումն ամբողջապես ավարտին հասցնելու համար լրացուցիչ միջոցներ կպահանջվեն: Ա. Գեւորգյանը տեղում պատասխանատուների հետ քննարկեց հետագա աշխատանքների շարունակման հնարավորությունները:   

Փոխվարչապետն այցելեց նաեւ Խանջյան համայնք, որի վթարային դպրոցի շենքի  ամրացման համար պետբյուջեից ընդհանուր առմամբ 217 մլն դրամ է հատկացվել:  Զեկուցվեց, որ աշխատանքներն արդեն ավարտվում են, եւ նոր ուսումնական տարին աշակերտները կսկսեն հիմնանորոգված դպրոցում` թողնելով մանկապարտեզի շենքը:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց ուշադրություն դարձնել աշխատանքների որակին, իսկ այն դպրոցներում, որտեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դրանք կազմակերպել այնպես, որ չխանգարեն ուսումնական գործընթացին: 

Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ դպրոցների կոլեկտիվների եւ  բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները: Մասնավորապես, մանկավարժների կողմից  բարձրացվեց դրույքաչափը շաբաթական 22 –ից  18-ժամյա դարձնելու հարցը, ինչին ի պատասխան Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Կրթության եւ գիտության ու Ֆինանսների նախարարությունների կողմից ուսումնասիրություններ են իրականացվում խնդրի հետ կապված,  որոնց արդյունքներով էլ համապատասխան որոշումներ կկայացվեն: Բնակիչները բարձրացրին գյուղմթերքի, հատկապես` կարտոֆիլի, կաղամբի եւ դեղձի իրացման, մթերող ընկերությունների կողմից մթերումների դիմաց ժամանակին վճարման, ապրանքի դիմաց վճարվող գնի, ինչպես նաեւ ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բնակիչները նշեցին, որ սակավաջուր տարին ոռոգման հարցում որոշակի դժվարություններ է առաջացնում եւ  առաջարկեցին առավելագույնս օգտագործել խորքային հորերը, հնարավորության դեպքում` շահագործել նորերը: Ա. Գեւորգյանը խոստացավ, որ բարձրացված հարցերը կքննարկվեն կառավարությունում:

Խանջյան համայնքում մտահոգություն հնչեց, որ նոր վերանորոգված դպրոցի մոտով անցնող սելավատարը կարող է վնաս հասցնել շենքին: Փոխվարչապետը նշեց, որ Քաղաքաշինության նախարարությանը կհանձնարարվի լուծում տալ խնդրին:

Փոխվարչապետը ծանոթացավ նաեւ Արմավիր-Լուկաշին-Խանջյան ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով: 6,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգումը նախատեսվում է ավարտել նոյեմբերին: