Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու պատճառը ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք» եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, այն է. «Քվերակության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին…» դրույթների հակասությունն է:
Այսինքն ՀՀ Ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում արտերկրում գտնվող կամ բնակվող ՀՀ մյուս քաղաքացիներին եւս իրացնելու իրենց' ՀՀ Սահմանադրությամբ արմագրված իրավունքը:
Այսպիսով մի կողմից ՀՀ Սահմանադրությունը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին տալիս է ընտրելու իրավունք, մյուս կողմից ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիների ընտրելու իրավունքը: Նշված հակասությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով էլ խմբակցությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին:




























