Ի՞նչ կապ ունի Վարդան Ղուկասյանի տղան է, թե Աշոտ Գիզիրյանի, եթե սխալ է թույլ տվել, ապա պետք է պատասխան տա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի Մարզպետ Աշոտ Գիզիրյանը` արձագանքելով Գյումրիում տեղի ունեցող վերջին միջադեպին: Աշոտ Գիզիրյանի խոսքով, Գյումրիում տեղի ունեցած վերջին միջադեպը սովորական խուլիգանություն է: Պարզապես, որ շոշափվում է Գյումրի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու անունը, մեծ հնչեղություն է ստացել:

«Բայց կապ չունի, եթե մարդ կատարում է, որեւէ արարք, որի մեջ հանցագործություն է պարունակվում, հանցանք կա, ապա պետք է պատասխան տա: Ի՞նչ կապ ունի Վարդան Ղուկասյանի տղան է, թե Աշոտ Գիզիրյանի: Եթե սխալ է թույլ տվել, արարք է գործել, ապա պետք է պատասխան տա»,- ընդգծեց  Աշոտ Գիզիրյանը եւ ավելացրեց, որ ինքը Վարդան Ղուկասյանի հետ  մինչ այսօր չի խոսել այդ թեմայի շուրջ եւ չի կարծում, որ առայժմ դրա կարիքը կա:

Ավելի վաղ տեղկացրել էինք, որ օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանություն էին հրահրել, ծեծի ենթարկել միմյանց, որի ընթացքում նաեւ կրակոցներ էին հնչել:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով  նա ներգրավված է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ ու 235 հոդվածի առաջին մասերով (Ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը): Հիշեցնենք, որ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը: