Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ոլորտում առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով հանդիպման մասնակիցներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ օգոստոսյան խորհրդակցությունը առիթ է ամփոփելու կրթության ոլորտում արձանագրած արդյունքներն ու քննարկելու նոր ուսումնական տարվա անելիքները. «Անցած ուսումնական տարվա ընթացքում կատարված բավականին մեծ աշխատանքի արդյունքում մենք արձանագրել ենք զգալի ձեռքբերումներ, սակայն անելիքները եւս դեռ շատ են, ուստի պահանջվում է համատեղ օր ու գիշեր աշխատանք: Ձեռք բերված հաջողությունները արդյունք են նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ԿԳ նախարարության համատեղ արդյունավետ աշխատանքի: Ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լինելու է շարունակական եւ մենք կարողանալու ենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրներին համատեղ լուծում տալ: Ձեզ վստահված աշխատանքը մեծ պատասխանատվություն է պահանջում ապագա սերնդի հայեցի դաստիարակաման ու պետության արժանի քաղաքացի կրթելու գործում: Վստահ եմ նաեւ, որ համատեղ հետեւողական աշխատանքի շնորհիվ կունենանք կիրթ եւ գրագետ սերունդ»,-շեշտել է Երեւանի քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011-2012թթ.-ի ուսումնական տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունը` ընդհանուր գծերով առանձնացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ ոլորտում առկա որոշ խնդիրներ:
Որպես անցած ուսումնական տարվա կարեւորագույն ծրագրեր առանձնացվել են միջազգային կառույցների հետ փոխշահավետ համագործակցությունը, մայրաքաղաքի դպրոցներում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումը, ուսուցիչների ատեստավորումը, ինչպես նաեւ մի շարք բարեփոխումներ: Հանրակրթության վարչության պետի զեկույցի համաձայն, քաղաքապետի հանձնարարությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1028 աշակերտի համար ներառական կրթություն է իրականացվել մայրաքաղաքի 33 դպրոցում, որտեղ նրանց համար ապահովվել են համապատասխան պայմաններ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառական կրթություն իրականացնող դպրոցներն ապահովվել են թեքահարթակներով։
Անդրադառնալով աշակերտների գիտելիքների գնահատման նպատակով կազմակերպվող առարկայական օլիմպիադաներին, նշվել է, որ օլիմպիադաներում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ սոցիալապես անապահով ընտանիքների՝ 1-ից 4-րդ դասանների 6920 աշակերտներ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ստացել են պայուսակներ, գրենական պիտույքներ։
Բարեկարգման, ծառապատման եւ կանաչապատման նպատակով չափագրվել են կրթական հաստատությունների մերձակա տարածքները: 39 դպրոցների եւ 53 մանկապարտեզների հատկացվել են խոտհնձիչներ։
Որպես դպրոցականների գեղագիտական եւ բարոյական դաստիարակության ապահովում կարեւորվել է Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի 58475 աշակերտների այցը Երեւանի թվով 9–ը թատրոն, 14 թանգարան, ֆիլհարմոնիա, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ եւ Մատենադարան։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բարձր գնահատելով քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը ընդգծել է, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ Երեւան քաղաքում ԿԳ նախարարությունը ունի վստահելի եւ հուսալի գործընկեր: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին` ի դեմս քաղաքապետի, այն հանգամանքի համար, որ մայրաքաղաքը լինելով Հայաստանի գիտակրթական, ինտելեկտուալ կենտրոնը, այսօր ստանում է ավելի լավ միջավայր, ավելի լուսավոր փողոցներ, կանաչապատ ավելի շատ տարածքներ, ինչն իր հերթին ապահովում է ավելի լավ կրթական միջավայր ու ավելի հաճելի առօրյա: Իհարկե սա չի կարող չազդել Երեւանում տեղակայված ուսումնական ու գիտական հաստատությունների գործունեության ու աշխատակիցների տրամադրության եւ վերաբերմունքի վրա»,- նշել է նախարարը:
Պատասխանելով մասնակիցների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարեւորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչեւ հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը մայրաքաղաքի դեռեւս չջեռուցվող բոլոր դպրոցները ջեռուցման անհատական համակարգերով ապահովելու ծրագիրը.
«Մինչեւ դեկտեմբերի 1-ը մենք կավարտենք քաղաքապետարանի ենթակայության 17 եւ ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը, որպեսզի մեր երեխաները կարողանան հանգիստ դպրոց հաճախել եւ կրթություն ստանալ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցությունից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այցելել են Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 եւ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցներ:
Երկու կրթօջախներում էլ այսօր լայն թափով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան ավագ դպրոցը հիմնանորոգվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցը` կրթօջախի հավատարիմ շրջանավարտի հովանավորությամբ: Քաղաքապետն ու նախարարը շրջել են դպրոցների հարկաբաժիններում, զրուցել շինարարների հետ, ծանոթացել կատարված ու իրականացվող աշխատանքների ընթացքին:




























